ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք

Հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք
25.06.2023 | 06:49

Հայ մեծերի՝ Թումանյանի և Կոմիտասի զրույցը, որը տեղի է ունեցել 1905 թ. գարնանը, Թումանյանի Թիֆլիսի բնակարանում:

-Կոմիտաս ջան, ասել կուզի՝ եկել ես, որ Թիֆլիսը գրավես քո երգերով, չէ՞: Շատ լավ ես արել: Վաղուց էր պետք:

-Այդպիսի մի չար միտք ունեմ:

-Հիանալի միտք,-շեշտեց Թումանյանը:-Համա գիտե՞ս, որ մեր էսպես կոչված արիստոկրատ մեծատուները համարյա օտարացել են, ռուսացել: Վաճառական դասն էլ հետևում է նրանց, ուզում է սիրամարգի պես նազանքով ճեմել, մոռանալով, որ ագռավը չի կարող սիրամարգի խելք ունենալ:

Մնում են արհեստավորները, նրանք էլ շատ են աղքատ. օր ու գիշեր տանջվում, ջան են մաշում մի պատառ հացի համար: Էլ ո՛չ ժամանակ կա, ո՛չ սիրտ՝ հետաքրքրվելու երգով, նվագով, մանավանդ գրականությամբ:

Օրինակ, իմ ընթերցողը բացառապես հայ աշակերտությունն է և գյուղերի տված ինտելիգենցիան: Գիտեմ, որ հատուկենտ հայ բուրժուաներ «հայրենասիրաբար» գնում են հայերեն գրքեր, բայց ինչպես չինացին չի կարդում այդ գրքերը, էնպես էլ նրանք:

-Ես իրազեկ եմ այդ տխուր երևույթին, բայց երաժշտությունը, որպես ինտերնացիոնալ արվեստ, ավելի բախտավոր է, -ասաց Կոմիտասը,-երաժշտություն, մանավանդ երգ հասկանալու համար անպայման չի պահանջվում իմանալ այն լեզուն, որով գրված է տվյալ երգը: Ճաշակով հորինված ու վարպետորեն կատարված երգի ազդեցությունը լսողի վրա մեծ է, երբեմն ուժեղ, եթե մարդը զուրկ չէ լսողությունից և առհասարակ զգացվելու հույզից:

-Այո, բայց մեր էսպես կոչված բարձր խավի լսողները ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով և առանց ամաչելու ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս:

-Ավելի վատ այդպես ասողների համար, որովհետև ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների բույրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած, նման «պիպու» կոչվող թռչունին, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը, կարծելով թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է:

-Պա՜հ, ինչ լավ համեմատություն արիր, Կոմիտաս ջան:

-Է՜հ, Օհաննես, խոսքը մերը, տունը մերը, խոսենք անկեղծաբար,- ասաց Կոմիտասը թառանչով,-հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք. մենք քաշվում, մենք ամաչում ենք բացեբաց գնահատել, մանավանդ սիրել մեր արժեքները. լինի դա կուլտուրական նվաճում, թե կուլտուրական դեմք, անձնավորություն:

-Էդ դրուստ ես ասում,-վրա բերեց Թումանյանը:

-Կասեմ ավելին,-շարունակեց Կոմիտասը,-ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ փնտրելով մերը՝ մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաև մերը, բայց այն, ինչն իրապես ո՛չ մի արժեք չունի:

-Էդ էլ ճիշտ դիտողություն է, Կոմիտաս, բայց դա ցեղային հատկանիշ չէ. դա հետևանք է այն բանի, որ կորցնելով մեր քաղաքական անկախությունը, ապրելով իրավազուրկ, օտարների դաժան լծի տակ՝ դարեր շարունակ մենք մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար համակերպվել, հարմարվել ենք տեսակ-տեսակ բռնակալությունների, և դա իր անպիտան կնիքն է դրել մեր բնավորության վրա: ՈՒշագրավ փաստ է, որ այդ գիծն ավելի ցայտուն կերպով երևում է ո՛չ թե հասարակ ժողովրդի, այլ իմ ասած «բարձր խավերի» մեջ, որոնք ինչպես անցյալում, նույնպես ներկայումս, հանդիսանում են միջնորդ օղակ օտարների և ժողովրդական ճնշված մասսաների միջև:

Կոմիտասի դեմքին ծաղկեց մի տխուր ժպիտ: Նա իր արտահայտիչ աչքերի ջերմ հայացքով մի րոպե լուռ նայեց Թումանյանին, ապա ասաց.

-Օհաննես, ասածդ վշտացրեց ինձ. բնորոշելով մեզ, բնորոշելով մեր ժողովուրդը՝ դու փորձում ես քո պատմական տեսությամբ մեղմել իրողության ծանր տպավորությունը: Մենք կանգնած ենք այլասերման ճանապարհի վրա, եթե շարունակվի այն, ինչ գոյություն ունի:

-Ո՛չ, Կոմիտաս, այլասերվում է ո՛չ թե ժողովուրդը, այլ բուրժուական տարրը,- առարկեց Թումանյանը եռանդով:

-Աշխատանքը կենսունակության աղբյուր է, աշխատանքի մարդը ամեն հասարակության առողջ կորիզն է, որ պայքարում է տվյալ հասարակության օրգանիզմը քայքայող բոլոր ախտերի դեմ: Եվ դարերի ստրկությունը չի կարողացել ոչնչացնել այդ հրաշալի կորիզը, նա ապրեցրել է մեր ժողովուրդը, կապրեցնի նաև այսուհետև։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5952

Մեկնաբանություններ